Առասպելներ արևի և լուսնի մասին

Համացանցից որոնել, գտնել արևի և լուսնի մասին այլ առասպելներ, տեղադրել բլոգներում, ներկայացնել բանավոր:

Արևն ու լուսինը քույր-եղբայր են. արևը եղբայրն է, լուսինը՝ քույրը։ Առաջներում քույրը եղբոր հետ է գալիս-գնալիս եղել, բայց որովհետև շատ գեղեցիկ է եղել, չար աչք է դիպել նրան, և նա հիվանդացել է ծաղիկ հիվանդությամբ։ Այդ դեպքից հետո լուսինը խնդրում է եղբորը՝ ծակել այն մարդու աչքերը, ով իրեն կնայի, որպեսզի իրեն այլևս չար աչք չդիպչի և իր հիվանդության վրեժը լուծվի։

Արևի և լուսնի մասին եղել են տարբեր պատկերացումներ, մի դեպքում արևը տղա է, լուսինը՝ աղջիկ, որոնք կամ թագավոր ու թագուհի են, կամ էլ սիրահար զույգ։ Իսկ մեծ մասամբ նրանք քույր ու եղբայր են, ընդ որում, արևը քույրն է, լուսինը՝ եղբայրը։

Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

Առասպել արևի և լուսնի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.

— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմձ համար մի կապա՛ կարիր:

Քույր Արևը սիրով համաձայնվեց. Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում. Շատ նեղ է:

— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:

Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.

— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:

Լավ գնահատիր քեզ, հասկացիր քո բնույթը և մի՛ նմանվիր ուրիշներին:

Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։