Մանրադիտակ

Մանրադիտակ, միկրոսկոպ (Միկրո… և հունարեն՝ σχοπέω-դիտել), անզեն աչքով անտեսանելի մանր առարկաների և դրանց առանձին մասերի խոշորացված պատկերն ստանալու օպտիկական սարք։ Սովորական պայմաններում առողջ աչքը, որը բնական օպտիկական համակարգ է, լավագույն տեսողության հեռավորության վրա (D=250 մմ) երկու փոքր առարկաներ կամ առարկայի առանձին՝ մոտ դասավորված մասեր կարող է տարբերել, երբ դրանց հեռավորությունը 0,08 մմ-ից փոքր չէ։ Ժամանակակից մանրադիտակով կարելի է տարբերել այնպիսի մանրամասնություններ, որոնց հեռավորությունը λ/2 կարգի է (λ-ն օգտագործվող լույսի ալիքի երկարությունն է)։ Երկու ոսպնյակից կազմված համակարգի խոշորացնող հատկությունը դեռես 16-րդ դարում հայտնի է եղել հոլանդացի և իտալացի ակնոցագործ վարպետներին։ Մանրադիտակի լայն կիրառությունն ու կատարելագործումն սկսվել է 17-րդ դարի սկզբին։ Գիտական նպատակներով մանրադիտակի օգտագործման մեծ հաջողությունները կապված են Ռոբերտ Հուկի ն, հատկապես, Ա. Լևենհուկի անունների հետ։ Մանրադիտակի կառուցվածքի կատարելագործման, միկրոսկոպիայի տեսության, սկզբունքների ու մեթոդների մշակման գործում Լ. Էյլերի, Է. Աբբեի, Ռ. Զիգմոնդիի, Ֆ. Ցերնիկեի և այլոց հետ մեկտեղ զգալի ավանդ ունեն նաև խորհրդային գիտնականները (Լ. Ի. Մանդելշտամ, Դ. Ս. Ռոժդենստվենսկի, Ա. Ա. Լեբեդև, Վ. Պ. Լիննիկ և ուրիշներ)։ Մանրադիտակը կազմված է 3 հիմնական մասերից, առարկան արտապատկերող օպտիկական համակարգից (օբյեկտիվ և օկուլյար), առարկան լուսավորող օպտիկական մասից և մեխանիկական մասից, որն ապահովում է առարկայի և օպտիկական համակարգի ճշգրիտ տեղաշարժը միմյանց նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *