Հարցեր և առաջադրանքներ
- Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում և այլուր:
Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին: - Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույսի ստորգետնյա մասը: Արմատները լինում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները: - Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
Բույսն անընդհատ աճում է և զարգանում, նրա աճը լավ դիտվում է միջավայրի բարենպաստ պայմաններում՝ լույսի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագործում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օրգանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման: - Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտառում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջակա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են: - Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
- Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։